ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչո՞ւ հայերս այդքան ընկալունակ ենք Նոյյան տապանի նկատմամբ

Ինչո՞ւ հայերս այդքան ընկալունակ ենք Նոյյան տապանի նկատմամբ
21.04.2009 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս նոր խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասականի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Մեր քաղաքակրթությունը բանականության ո՞ր աստիճանի վրա է գտնվում: Պատասխանելու համար այս հարցին փորձենք պարզել, թե բանական կոչվող մարդն ինչպե՞ս է վերաբերվում քաղաքակրթության արժեքային համակարգը բնութագրող մշակույթի մեկ ճյուղին` գիտությանը: Հարցին ընդհանրական պատասխանելու համար վերցնենք մի մասնավոր ենթահարց: Ինչպե՞ս ենք մենք` հայերս վերաբերվում գիտությանը: Պատասխանը մեկն է` անպատասխանատու կերպով: Հիմնավորենք:
Ճակատը մարդու մարմնի այն հատվածն է, որը բնութագրել է անհատի մտավոր (պայծառ ճակատ), բարոյական (բաց ճակատ), վարքի (խարան ճակատ), կյանքի ուղու (ճակատագիր) յուրահատկությունները: Պատահական չէ, որ պետությունների ինքնության խորհրդանիշը` զինանշանը, ամրացվում է ուժային կառույցների ծառայողների ճակատին: Իսկ ինչպիսի՞ն է մեր` հայոց զինանշանը: Այն իր վրա ունի մի բիծ, որը ոչնչացնելու համար արժե, որ ինքնազոհություն պահանջող պայքարի մեջ մտնեն հազարավոր հայորդիներ: Այդ բիծը խաբեության, մոլորության, տրամաբանության պակասի, գիտության նկատմամբ անպատասխանատվության խարանն է հայոց ճակատին: Այդ բիծը Նոյյան տապանն է:
Զավեշտական է, բայց և փաստ, որ 21-րդ դար ենք մտնում ոչ թե գիտությունն արժևորելով, այլ խաթարելով, մարդկության մեծ ստին` ապավինելով: Փորձենք մի քանի վերլուծություններով ապացուցել Նոյյան առասպելի հակագիտականությունը:
Երկիր մոլորակի ջրային պաշարների 2 տոկոսից պակաս մասը գտնվում է սառցային վիճակում: Նույնիսկ եթե հալվեն սառցադաշտերը բևեռներում, լեռնագագաթներին և ամենուր, ապա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա հազիվ 100 մետրով: Վեց-յոթ հազար տարի առաջ երկրի ռելիեֆը շատ քիչ է տարբերվել այժմյան ռելիեֆից, և լեռների ջրածածկվելու մասին «տեղեկությունն» անհիմն է:
Նույնիսկ չարժե քննարկել երկնային և ստորերկնային դարպասներից ջրի հորդելու մասը: Կանգ առնենք 30 օր շարունակ անձրև տեղալու վրա և ենթադրենք, որ անձրևի հորդառատությունն է փոխաբերական առումով համեմատվում երկնային դարպասներից ջրի հորդելու հետ: Թերմոդինամիկական հաշվարկները հիմք են տալիս պնդելու, որ լեռները ծածկելու համար անհրաժեշտ անձրևաջրի 1/6 մասի կոնդեսացման ժամանակ անջատված ջերմաքանակը բավական կլիներ գումարային ամբողջ ջուրը (նույնիսկ վերից վար խառնելու դեպքում) տաքացնել մինչև եռման ջերմաստիճան: Այդ դեպքում ոչ միայն կոչնչանային Նոյի ընտանիքն ու կենդանիները (տապանի ջերմամեկուսացման մասին Աստվածաշնչում գրված չէ, քանի որ ստի հեղինակը թերմոդինամիկա չգիտեր), այլ նաև ջրային ամբողջ կենսական և բուսական աշխարհը:
Ինչպես Անտարկտիդայի, այնպես էլ շատ լեռնային սառցադաշտերի տարիքն անցնում է 10 հազար տարուց:
Հաշվարկները ցույց են տալիս, որ Բայկալ լիճը չէր ունենա քիմիական այն կազմը, որ ունի հիմա:
Սեյսմոլոգները պնդում են, որ մեծ ջրամբարները կարող են ազդել տեկտոնական ճեղքվածքների ակտիվության վրա: Համաշխարհային ջրհեղեղի դեպքում ջրի ավելի քան ութ կիլոմետրանոց շերտի հայտնվելն ու անհայտանալը անխուսափելիորեն կբերեր ամբողջ Երկրագնդի վրա սեյսմիկ և հրաբխային աննկարագրելի հզորության ակտիվության: Ցունամիներից բարեհաջող փրկված Նոյն ու իր կենդանիները լավայի կամ հրաբխային փոշու ճարակ կդառնային տեկտոնական ճեղքվածքներով հարուստ Հայկական լեռնաշխարհում, իսկ «Գերգրքում» հրաբխի կամ երկրաշարժի մասին ակնարկ անգամ չկա:
Ո՞Ւր անհետացավ ջրի այդ ահռելի քանակը: Չասեք` ներծծվեց հողի մեջ. դա ծիծաղելի կլինի:
Ինչպե՞ս Իսրայել հասան ավստրալիական բադակտուցը, եքիդնան, դինգո շունը, անտարկտիդյան պինգվինները, արկտիկական սպիտակ արջը, արդեն ոչնչացված մադագասկարյան հսկա ջայլամը և շատ ու շատ այլ կենդանիներ:
Ինչպե՞ս փրկվեցին կենդանական աշխարհի բազմազան ներկայացուցիչները` միջատները:
Ինչպե՞ս փրկվեցին մերձբևեռային բույսերը:
Ինչո՞ւ Եհովան մարդկանց պատժելու համար չընտրեց արագ տարածվող ինչ-որ հիվանդություն, այլ կործանեց մարդու մեղքի մեջ անմասն և իր խոսքին անտեղյակ կենդանական ու բուսական աշխարհը:
Այս ցուցակը կարելի է դեռ երկար շարադրել. հետևությունը մեկն է` ստի ոտքերը կարճ են: Իսկ ինչո՞ւ հատկապես մենք` հայերս, այդքան ընկալունակ ենք այդ ստի նկատմամբ: Պատճառն այն է, որ այն գործում է տրոյական ձիու պես: Շաղկապված մեր սրբազան լեռան` Արարատի հետ, այն դյուրորեն թափանցում է մեր հոգու դարպասներից ներս և բացում դրանք իրեն հարակից այլ ստերի առաջ:
Ցավալին այն է, որ գիտության դարբնոցների` դպրոցների, բուհերի, ԳՀԻ-ների կազմակերպիչները` կրթության, գիտության նախարարությունն ու գիտությունների ազգային ակադեմիան նախընտրել են մեծ ստին աջակցելու և գիտության խարխլման ռազմավարությունը: Սրան հավելենք նաև որոշ լրատվամիջոցներով տապանի` տիեզերքից լուսանկարման, ականատեսների և այլ ստահոդ լուրերը:
Այսպես մենք կգահավիժենք դեպի միջնադարյան խավարամտություն:
Գիտակցում եմ, որ շատ հայրենակիցներ Նոյյան ստի մերկացումից հետո դատարկություն կզգան, բայց այլ ելք չկա: Հարկ է քայլ առ քայլ մեր հոգին մաքրել ծղոտից, որպեսզի այնտեղ թափանցի լույսը` բնագիտության և աշխարհաճանաչման լույսը:
Արմեն ՏԻՐՈՐԴԻ
Ֆիզիկոս

Դիտվել է՝ 4294

Մեկնաբանություններ